Դեկտեմբերի 3–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի մեր այս տարվա մասնակիցը`Դալիթան, արդեն նախապատրաստական աշխատանքների բուռն գործունեության մեջ է: Եվ չնայած իր զբաղվածությանը` երգչուհին սիրով համաձայնվեց հարցազրույց տալ մեր բլոգին, ինչի համար անչափ շնորհակալ ենք փոքրիկ երգչուհուց: Իսկ մենք էլ մեր հերթին սիրով ձեզ ենք ներկայացնում Դալիթայի հետ ունեցած մեր հարցազրույցը:

eurovisionclub: Դալիթա՛, ինչպե՞ս որոշվեց քո մասնակցությունը Մանկական Եվրատեսիլ 2011-ի նախընտրական փուլին:
Dalita: Լինելով երգի ասպարեզում` հետևում եմ մանկական մրցույթներին և որոշեցի այս տարի էլ մասնակցել:
eurovisionclub: Իսկ ու՞մ օգնությամբ ստեղծվեց “Welcome to Armenia” երգը:
Dalita: Իմ շատ սիրելի ուսուցչուհի Էմմա Ասատրյանն է ինձ օգնել երգի ստեղծման հարցում, որի գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը, իսկ զուռնան նվագել է Վարդան Գրիգորյանը:
eurovisionclub: Արդեն հասցրե՞լ ես լսել մրցակիցներիդ երգերը, և, եթե այո, ու՞մ ես համարում քեզ համար լուրջ մրցակից:
Dalita: Որքանով որ տեղյակ եմ, դեռ ոչ բոլոր մասնակից երկրներում են ավարտվել նախընտրական փուլերը: Լսել եմ Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Բելառուսի, Մակեդոնիայի և Լիտվայի կատարումները: Չեմ ուզում ոչ մեկին առանձնացնել: Բոլորն էլ պատրաստված են, և, քանի որ սա մրցույթ է, բոլորս էլ միմյանց մրցակիցներ ենք համարում:
eurovisionclub: Իսկ մեծերի Եվրատեսիլին, առհասարակ, հետևու՞մ ես: Կա՞ մի մասնակից ( ոչ հայազգի), ում հետ կցանկանայիր զուգերգ ունենալ:

Դալիթան և 2010թ.-ի Մանկական Եվրատեսիլի հաղթող Վլադիմիր Արզումանյանը
Dalita: Այո, ինչ Հայաստանը մասնակցել է, միշտ էլ հետևել եմ: Տղաներից կցանկանայի Դիմա Բիլանի կամ Ալեքսանդր Ռիբակի հետ զուգերգ ունենալ
, իսկ աղջիկներից` Լենա Մեյերի կամ Ռուսլանայի հետ: Աղջիկ հաղթողների երգերից իմ երգացանկում երգել եմ թե ՛Լենայի (“Satellite”) և թե ՛Ռուսլանայի (“Wild dancers”) հաղթող երգերը:

Դալիթան իր ուսուցչուհու` Էմմա Ասատրյանի հետ
- eurovisionclub: Իսկ ինքդ քեզ հետագայում տեսնու՞մ ես մեծերի Եվրատեսիլում:
Dalita: Ցանկություն ունեմ: Երբ ժամանակը գա, կմտածեմ այդ մասին
eurovisionclub: Եվ վերջում, կցանկանայի իմանալ, թե ինչ ծրագրեր ունես ապագայի հետ կապված: Շարունակելու՞ ես հանդես գալ, որպես երգչուհի, թե ՞այլ ծրագրեր ունես:
Dalita: Այժմ մասնակցում եմ Եվրատեսիլին: Մրցույթից հետո կմտածենք նոր ծրագրերի մասին: Իհարկե՛, կշարունակեմ երգը ուսուցչուհուս օգնությամբ, բայց ցանկանում եմ անպայման ունենալ նաև այլ մասնագիտություն, որի մասին դեռ ժամանակ ունեմ մտածելու:
eurovisionclub-ը հաջողություն է մաղթում Մանկական Եվրատեսիլի մեր այս տարվա դեսպան Դալիթային` ցանկանալով նրան հաջող ելույթ, ուրախ տրամադրություն և տրամադրվածություն, ինչպես նաև մեծ հաղթանակներ թե՛ մրցույթում, թե ՛դրանից դուրս):