Monthly Archives: Հոկտեմբերի 2011

“Welcome to Հայաստան”

Վերջերս եթեր հեռարձակվեց “Welcome to Հայաստան” երգի տեսահոլովակը: Հենց այս երգով էլ դեկտեմբերի  3-ին`  Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրից Մանկական Եվրատեսիլի նախընտրական փուլի բոլոր 16 մասնակիցները կողջունեն Եվրոպային:

Ի դեպ, արդեն ավարտվել են նաև Դալիթայի “Welcome to Armenia” երգի տեսահոլովակի նկարահանումները:  Շուտով այդ տեսահոլովակը ևս հասանելի կլինի հայ և եվրոպացի հանդիսատեսին:

Դալիթան կհանդիպի իր երկրպագուների հետ

Հոկտեմբերի 27-ին ժամը 15:00-ին այս տարվա Մանկական Եվրատեսիլի Հայաստանի ներկայացուցիչ Դալիթան հանդիպում կունենա իր երկրպագուների հետ: Հանդիպումը տեղի կունենա Ալմանախ կրթահամալիրում, որը գտնվում է Միչուրինի 36 հասցեում, և կազմկաերպվել է Մանկական Եվրատեսիլ 2011-ի ֆան-ակումբի կողմից: Այն բաղկացած կլինի երկու մասից, որոնցից առաջինում Դալիթան կերգի “Welcome to Armenia” երգը, իսկ երկրորդում երկրպագուները հնարավորություն կունենան Դալիթային ուղղել իրենց հարցերն ու մաղթանքները:

Անդրե. Անկեղծ զրույց Եվրատեսիլ 2006-ի հայ մասնակցի հետ

Վերջերս ձեր ուշադրությանը ներկայացրինք Անդրեի  “Միացեք Երգին” նոր տեսահոլովակը, որտեղ երգիչը հանդես է գալիս իր հերթական հետաքրքիր և համարձակ կերպարով: Պարզվում է` տեսահոլովակը և նոր կերպարը միակ նորությունները չեն, որոնք այս տարի կներկայացնի Եվրատեսիլի առաջին հայ մասնակիցը: Անդրեի կողմից սպասվելիք անակնկալների և նորությունների մասին կարող եք տեղեկանալ երգչի հետ ունեցած մեր բավականին բովանդակալից հարցազրույցից🙂

Անդրե

    — Անդրե՛, տեղյակ եմ, որ բացի “Միացեք Երգին” երգի տեսահոլովակից այս տարի ևս մի    քանի տեսահոլովակ ես թողարկելու. ո՞ր երգերի հիման վրա կլինեն դրանք և ընդհանուր թվով քանի տեսահոլովակ կունենաս 2011թ.-ին:

-Այո,  մինչև այս տարվա վերջ կներկայացնեմ ևս 2 տեսահոլովակ: Մեկը զուգերգ է վրացի երգչուհի Նինի Շերմադինիի հետ “Ո~վ, Սիրուն-Սիրուն” երգի հիման վրա, իսկ մյուսը` իմ “Andrenaline” ձայնասկավառակի իմ ամենասիրելի` “Ուզում եմ սիրել” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն է: Նաև կնկարահանենք մեկ այլ տեսահոլովակ, որի ցուցադրումը կլինի հունվարի վերջին:

-Որտե՞ղ ես նկարահանել տեսահոլովակներդ և ո՞ւմ հետ ես համագործակցել դրանց ստեղծման ընթացքում:

-Տեսահոլովակներս նկարահանել եմ ԱՄՆ-ում: Առաջին անգամ համագործակցեցի իմ շատ լավ ընկերոջ` Արփի Քանդահարյանի հետ, ով նաև մեր Devine Luv բրենդի ներկայացուցիչներից է. միասին ենք մտածել ամեն ինչը և միասին էլ ստեղծել, նկարահանել ենք դրանք: Երրորդ տեսահոլովակիս համար համագործակցել եմ ռեժիսոր Գեորգի Հարությունյանի և բեմադրող-օպերատոր Կարեն Ստեփանյանի հետ: Վստահ եմ, որ շատ գեղեցիկ տեսահոլովակ է ստացվելու վերջում, քանի որ այն ոչ միայն կցուցադրվի այստեղ` Հայաստանի հեռուստաալիքներով, այլ նաև Վրաստանի բոլոր ալիքներով: Այնպես որ, այս տեսահոլովակը իմ կյանքում շատ պատասխանատու քայլ է 🙂

Ամենաոճային երգչի հերթական հետաքրքիր կերպարը

-“Միացեք Երգին” երգի տեսահոլովակում հանդես եկար նոր կերպարով. ո՞վ էր այդ չափազանց համարձակ քայլի հեղինակը: 

-Այդ գաղափարի հեղինակը ես էի, իհարկե: Նաև ինձ ոգեշնչեցին իմ լավ ընկերները, ովքեր բնակվում են ԱՄՆ-ում: Երկար-բարակ մտածելուց հետո դիմեցինք պրոֆեսիոնալներին և վերջում ստացանք այդ հետաքրքիր և ոչ կրկնվող կերպարը տեսահոլովակների և “Andrenaline” ջինսերի ֆոտոշարքերի համար:

-Քանի որ խոսք գնաց ջինսերից, կցանկանայի իմանալ, թե երբ կարող ենք  ջինսերը տեսնել նաև Հայաստանում:

-Ջինսերը Հայաստանում կլինեն շուտով: Ես վստահ եմ, որ դրանք մեծ հաջողություն կունենան սպառողի կողմից, քանի որ բավականին որակով են: Ես արդեն մեկ ամիս է, ինչ կրում եմ դրանք և կարող եմ նշել, որ մենք բավականին որակով արտադրանք ունենք, ինչն էլ կարծում եմ չափազանց կարևոր է այդ գործոււմ հաջողություն ունենալու համար:

-Ջինսերի քանի՞ տեսականի եք ներկայացնելու, և ի՞նչ ոճի և տարիքի մարդկանց համար են դրանք նախատեսված:

-Ջինսերի 17 տեսականի կներկայացնենք սկզբում, որից 12 մոդել նախատեսված է աղջիկների և կանանց համար և 5 մոդել` տղամարդկանց համար: Հետագայում կավելանա տղամարդկանց ևս 3 մոդել և այս ամենը շարունակական կլինի. կլինի նաև  “Andrenaline” օծանելիք, աքսեսուարներ և հագուստ: Իսկ ջինսերը նախատեսված են ջինս սիրող մարդկանց համար` առանց տարիքային սահմանափակումների:

“Andrenaline” CD-ին թողարկվել է ուղիղ մեկ տարի առաջ. իսկ այս տարի նոր ձայնասկավառակ սպասվո՞ւմ է:

-Այս տարվա նոր ձայնասկավառակը ձայնագրման գործընթացի մեջ է գտնվում: Ես կատարում եմ Սուրեն Կնյազյանի հեղինակային երգերը. նրա երգերը սիրված էին 2005-2006թթ.-ին: Իմ “Քամիներ” և “Մեր Երգիր” երգերը հասցրել են սիրվել բոլորի կողմից:  Այս CD-ում նաև զետեղված են է՛լ ավելի գեղեցիկ և շատ զգացմունքային երգեր: Ուզում եմ հասցնեմ մինչև տարվա վերջ թողարկել այն, քանի որ ունեմ նաև “Կոմիտաս” ալբոմի անավարտ գործերը, որոնք պետք է շարունակեմ կատարել:

-Քանի՞ երգ է ընդգրկվելու նոր CD-ում և ե՞րբ  այն արդեն  պատրաստ կլինի հանդսատեսի դատին ներկայացնելու համար:

Կարծում եմ կլինի 10 կամ 11երգ: Դեռ շարունակվում են ձայնագրման աշխատանքները: Իմ շատ զբաղված լինելու պատճառով ողջ սեպտեմբեր և հոկտեմբեր ամսվա կեսը ես չեմ կարողացել ձայնագրություններին մասնակցել: Կսկսեմ դրանք կատարել հոկտեմբերի 20-ից հետո:

Անդրեն առաջինն էր, ով ներկայացրեց մեր երկիրը Եվրատեսիլ երգի մրցոււյթում

-Անդրե՛, դու առաջինն էիր, ով ներկայացրեց մեր երկիրը Եվրատեսիլ երգի մրցույթում: Ի՞նչ նոր դռներ քո առջև բացեց մրցույթը:

-Մրցույթը իմ առջև արդեն իսկ բացված դռների շարունակությունն էր, քանի որ մինչ այդ ես արդեն հասցրել էի իմ ուրույն տեղը գրավել և սիրվել հայ հանդիսատեսի կողմից թե՛ Հայաստանում, և թե՛ Հայաստանի սահմաններից դուրս; Մրցույթի ընթացքը ինձ համար շատ հետաքրքիր էր և ես ինձ այժմ շատ հմուտ եմ համարում Եվրատեսիլի հարցում, քանի որ այն, ինչ մենք էինք ստեղծում և անում ինքներս մեր թիմով, մինչ օրս դեռ չեմ նկատում: Քիչ ֆինանսներով էլ է հնարավոր հասնել մեծ արդյունքների: Եթե ես ունենայի այն բյուջեն, որը որ մասնակիցները ունեին ինձանից հետո, ես, վստահորեն, ավելի հզոր շոու և ավելի լավ երգ կներկայացնեի: Բայց, ամեն դեպքում, կարծում եմ առաջին անգամվա  համար մեր կողմից ամեն ինչ լավ էր արված. դա  լավ սկիզբ էր մյուս մասնակիցների համար:

՞նչ ես կարծում, եթե առաջինը չլինեիր մրցույթում, այլ ասենք` երկրորդը կամ երրորդը, հուզմունքդ և պատասխանատվության զգացումդ նո՞ւյնը  կլինեին:

-Այն ամենը, ինչը ես վերապրել էի մինչև մրցույթի օրերը, միայն ես գիտեմ և դեռ ժամանակը չի այն բարձրաձայնելու: Ողղակի կասեմ այսքանը. մենք հերոսաբար կարողացանք դիմակայել բոլոր խոչընդոտներին և պատվով վերադարձանք Հայաստան, և այն օրը, երբ Հայաստանը կիսաեզրափակչից անցավ եզրափակիչ փուլ,  մեր երկրում իրական տոն էր: Նույն  8-րդ տեղը այդ տարի մեզ համար հաղթանակին հավասար հորիզոնական էր: Ես ուղղակի կցանկանայի, որ իմ սխալները չկատարեին մյուս մասնակիցների ժամանակ, բայց ցավում եմ` դա նկատվում է ամեն տարի, և ես հասկացա, որ ոչինչ չի փոխվել: Եթե մենք ուզում ենք ունենալ հաղթանակ, մենք պետք է վստահենք այդ ամեն ինչը պրոֆեսիոնալ մարդկանց, ովքեր ավելի լավ գիտեն իրենց գործը և պետք է չխանգարենք նրանց այդ գործընթացում մեր սեփական կարծիքներով: Այդ ամենը ինձ շատ խանգարեց ներկայացնել այն երգը, որը ես էի ուզում: Եվ վստահ եմ` այդ երգով ավելի բարձր հորիզոնական կգրավեի. չէ՞ որ այդ մրցույթում երգչի հեղինակությունը գլխավոր դեր չի խաղում: Գլխավոր դերը խաղում է հենց ճիշտ ընտրված երգը:

-Իսկ ցանկություն ունե՞ս ևս մեկ անգամ Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնելու:

-Ես միշտ կատակել եմ, որ 2-րդ անգամ միայն այն ժամանակ կգնամ, երբ որ լինի այն, ինչ այս տարի եղավ: Շատ եմ տխրել ու շատ էի ցավում մեր մասնակցի համար, քանի որ դա մենք ենք: Երբ այնտեղ մի հոգի է, դա մի ամբողջ ազգ է և մի հոգու անհաջողությունը բոլորինս է: Ես վստահ եմ, որ ես, անգամ եթե չլինեմ մասնակից, ես կարող եմ լինել ճիշտ խորհուրդ տվող մարդ մեր մասնակիցների կողքին: Այս տարի հաղթեց այն ոճի երգը, որը ես կանխավ զգում էի, որ հաղթելու է և առաջարկել էի նման երգ մեր մասնակցի համար, բայց դե կլռեմ…Եթե մենք ընտրեինք այդ երգը, ապա նրանք չէին կատարի նույն ոճի երգ: Նույն խնդիրները եղան անցած տարվա մասնակցի համարի հետ կապված: Կարծում եմ Եվան այն կտավն էր, որը կարող էր է՛լ ավելի լավ ներկայանալ, ուղղակի սեփական կարծիքներով անճաշակ մարդիկ կարծում են, որ է՛լ ավելի պրոֆեսիոնալ են, քան մասնագետները: Մենք պետք է մեր այդ ամենագիտուն բնավորությունը մի քիչ փոխենք: Ես չեմ ասում դիմենք արտերկրի մասնագետներին: Իմ տարի մինչև Եգոր Դրուժինին դիմելը, մենք դիմել էինք մեր Միհրանին` Մադոննայի լավագույն պարողներից մեկին, բայց այդ ժամանակ նա զբաղված էր իր շրջագայություններով: Անգամ մտածում էինք երգի մեջ մտցնել rap հատված, բայց հետո ամեն ինչ փոխվեց և մենք դիմեցինք Եգորին: Նա ինձ համար շատ բան է արել: Կարելի է ասել, որ նա, լինելով ոչ հայ,  իմ թիմի լավագույն ջիղերից մեկն էր: Երկար կարող եմ կիսվել, բայց կգա օրը և ես, իսկապես, անկեղծ կպատմեմ բոլոր պատմությունները, որոնք ինձ շատ են խանգարել, ճնշել, միգուցե փորձել ոչնչացնել… Եվ այդքանից հետո ես մնացի և առաջին անգամ ներկայացրեցի Հայաստանը Եվրատեսիլում:

՞նչ կմաղթես, կամ ի՞նչ խորհուրդ կտաս Դալիթային:

Դալիթան շատ բեմական է, շատ հմայիչ և տաղանդավոր արտիստիկ երգչուհի է: Վստահ եմ, որ նա լավ կներկայանա: Որպես խորհուրդ ցանկանում եմ նրան մնալ իր կատարման մեջ մանուկ, քանի որ սա մանկական Եվրատեսիլ է և մանուկները չունեն որևէ խնդիրներ կյանքում, քանի դեռ այդ խնդիրները իրենց փոխարեն կրում են մեծերը և ծնողները:  Նա թո՛ղ լինի անհոգ հայ մանուկ: Ես նրան մաղթում եմ հաղթանակ և հրաշալի ելույթ: Աստված մեզ օգնական:

Շնորհակալ ենք Անդրեից  հետաքրքիր և անկեղծ հարցազրույցի համար, իսկ ձեզ առաջարկում ենք վերհիշել Անդրեի ելույթը Եվրատեսիլ 2006 երգի մրցույթում:

Արխիվ: Եվրատեսիլ 2011-ի ԲՈՒՄԸ

Վերհիշենք Եվրատեսիլ 2011-ի նախաշեմին Անդրեի, Սիրուշոյի, Հայկոյի և Ավրաամ Ռուսսոյի կողմից Էմմիին տրված խորհուրդները:

Պատրաստվել է` EurovisionClub-ի անձնակազմի կողմից

Ruslana- “Sha-la-la”. Եվրատեսիլ 2004-ի հաղթողը իր նոր տեսահոլովակով

Ուկրաինացի  երգչուհի Ռուսլանան վերջերս հանդես եկավ նոր տեսահոլովակով, որը նկարահանվել է “Sha-la-la” երգի հիման վրա: Երգի հեղինակներն են հենց ինքը` Ռուսլանան, Վոլոդիմիր Դեբրյանսկին և Ալեքսանդեր Կսենոֆոնովը:

Տեսահոլովակի ռեժիսորը ևս երգչուհին է, ով, հատկապես, հայտնի դարձավ իր  “Wild Dances” երգով  Եվրատեսիլ 2004 երգի մրցույթում տարած հաղթանակից հետո: Նույն թվականին երգչուհուն շնորհվեց Ուկրաինայի վաստակավոր արտիստուհու կոչումը:

Առաջարկում ենք վայելել ուկրաինացի  երգչուհու նոր տեսահոլովակը մեր բլոգում: