Նարեկ Վարդանյան. «Մանկական Եվրատեսիլի» ռուսաստանյան նախընտրական փուլից մինչև հայաստանյան X Factor

10728509_295591137318475_233493853_nX Factor նախագծի լավագույն հնգյակի ամենասիրված մասնակիցներից մեկը` Նարեկ Վարդանյանը, 20 տարի բնակվում էր Ռուսաստանում, որտեղ պարզվում է` գրանցել է մի շարք հաջողություններ. խաղացել է ներկայացումներում, մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների: Սակայն Նարեկի համար իսկական հաղթանակ էր «Մանկական Եվրատեսիլ 2006»-ի ռուսաստանյան նախընտրական փուլին մասնակցելու հրավերը, որտեղ 13-ամյա երգիչը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Նարեկի հետ հարցազրույցի ընթացքում խոսեցինք «Եվրատեսիլի», Անդրեի հետ աշխատանքի, X Factor նախագծում մասնակցության և անձնական կյանքի որոշ մանրամասների մասին:

-Նարե՛կ, ինչպե՞ս ստացվեց, որ մասնակցեցիք «Մանկական Եվրատեսիլի» ռուսաստանյան նախընտրական փուլին:

-Ես դեռ փոքր տարիքից եմ մասնակցել մի շարք մրցույթների, որոնցից ամենահայտնին, թերևս, «Утреняя Звезда»-ն էր: Ինձ հենց այս մրցույթից հետո նկատեցին և առաջարկեցին մասնակցել «Մանկական Եվրատեսիլ 2006»-ի ռուսաստանյան նախընտրական փուլին: Երկու շաբաթվա ընթացքում ես և իմ վոկալի ուսուցիչը գրեցինք «Подруга Балалайка» երգը, բեմադրեցինք ելույթը և մեկնեցինք Մոսկվա: Կարծում էինք` այնտեղ գնալուն պես արդեն մասնակցելու ենք մրցույթին, բայց այնպես ստացվեց, որ ևս մեկ նախընտրական փուլ պետք է հաղթահարեինք և… հաղթահարեցինք:) Մինչ «Մանկական Եվրատեսիլը» այլ միջազգային մրցույթների էլ եմ մասնակցել` Մոսկվայում, Սոչիում, Բուլղարիայում…

10696268_1488855628057264_4159919735932758853_n-Նույն թվականին X Factor-ի Ձեր ղեկավարը` Անդրեն, Հայաստանն առաջին անգամ ներկայացրեց «Եվրատեսիլ» երգի մրցույթում: Հետևե՞լ եք նրա ելույթին:

-Այո՛, իհարկե՛, այդ տարի Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում «Եվրատեսիլին» և ես ու իմ ընտանիքը մեծ սիրով և ուրախությամբ երկրպագում էինք Անդրեին: Մայրիկս մոտ 25 անգամ քվեարկել է… Չէի էլ կարող մտածել, որ գալու է մի օր, ու ես մասնակցելու եմ հայաստանյան X Factor-ին և լինելու եմ Անդրեի թիմից, որ նա լինելու է իմ ուսուցիչը: Շատ ուրախ եմ, որ այդպես ստացվեց:

10603292_282320295296453_5228538638867005784_n-Նպատակ կամ երազանք ունե՞ք մասնակցելու նաև մեծերի «Եվրատեսիլին»:

-Եթե ինձ նման հնարավորություն ընձեռվի, ես կլինեմ այս աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկը:

-Իսկ այդ դեպքում ո՞ր երկրի անունից կներկայանաք` Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի:

-Ես շատ հայրենասեր մարդ եմ և շատ կցանկանամ ներկայացնել հենց Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում:

10377539_286391911571731_6155245285357540006_n

-Ինչպիսի՞ն էր Ձեր առօրյան Ռուսաստանում:

-Ռուսաստանում սովորում եմ… զբաղված էի դասերով: Արդեն 3 տարի է` Մոսկվայում մենակ եմ ապրում: Ընտանիքս ապրում է Նիժնիյ Նովգորոդում, այնպես որ` դասերից հետո աշխատում էի, որպեսզի կարողանայի ինքս հոգալ իմ ապրուստը: Մինչև առավոտյան ժամը 06:00-ն աշխատում էի կարաոկե ակումբում: Շատ քիչ էի քնում, քանի որ 08:30-ին պետք է արթնանայի և գնայի դասի:

10728909_295591133985142_77900194_n-Սեփական նախաձեռնությա՞մբ, թե՞ ինչ-որ մեկի խորհրդով որոշեցիք գալ Հայաստան և մասնակցել X Factor-ին:

-Ճիշտն ասած` մասնակցությանս պատճառը եղել է մայրիկս: Նա զանգահարեց Մոսկվա և հայտնեց X Factor-ի լսումների մեկնարկի մասին: Համոզեց, որ հայտ ներկայացնեմ և Երևանում մասնակցեմ մրցույթին…Որոշում կայացնելս ձգձգվեց մեկ շաբաթ: Ի վերջո, որոշեցի չմերժել մայրիկիս, բայց չէի էլ պատկերացնում, որ նման հաջողության կհասնեմ: Դրա համար շատ շնորհակալ եմ ծնողներիս, հատկապես, մայրիկիս…Շատ շնորհակալ եմ նաև X Factor նախագծին, քանի որ 20 տարի չէի եղել Հայաստանում և հենց այս նախագծի շնորհիվ եկա և տեսա իմ հայրենիքը: Ի դեպ, Երևանը շատ է դուրս եկել: Եթե այստեղ կարողանամ զբաղվել իմ սիրած գործով, կմնամ Երևանում:

-X Factor-ի շրջանականերում արդեն հասցրել եք սիրվել Ձեր ելույթներով: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի մրցույթում Ձեր ճակատագիրը, շարունակելո՞ւ եք զբաղվել երգեցողությամբ:

-Իհարկե՛… երգել սկսել եմ 6 տարեկանից և ինձ այլ մասնագիտության մեջ, պարզապես, չեմ տեսնում: Միշտ ցանկացել եմ երգով զբաղվել: Իսկ ես էությամբ այնպիսի մարդ եմ, որ իմ առջև դրված նպատակներին հասնում եմ…Երգն իմ կյանքում ավելի կարևոր տեղ է զբաղեցնում, քան դերասանի իմ մասնագիտությունը, սակայն վերջինս ևս օգնում է ինձ, որպեսզի հանդիսատեսին հասցնեմ հաղորդագրությունը, երգի խոսքերը, ապրումները…

X Factor, Տղաներ` Վահե Մարգարյան, Հայկ Հունանյան, Անդրե, Նարեկ Վարդանյան

X Factor, Տղաներ` Վահե Մարգարյան, Հայկ Հունանյան, Անդրե, Նարեկ Վարդանյան

-Նախագծի շրջանակներում հասցրե՞լ եք ձեռք բերել ընկերներ:

-Շատ շնորհակալ եմ այս նախագծին, որի շնորհիվ շատ լավ մարդկանց հետ եմ ծանոթացել: Ինձ համար ընկերությունը տարիների ձեռքբերում է, բայց նախագծում կա մի մարդ, ում հետ այս մի քանի ամիսների ընթացքում շատ եմ մտերմացել, նույնիսկ կես հայացքից իրար հասկանում ենք.. Խոսքս իմ թիմակցի` Հայկ Հունանյանի մասին է:

-Եթե ոչ Դուք, ապա, ըստ Ձեզ, ո՞վ պետք է արժանանա X Factor 3-ի կոչմանը:

-Ամեն դեպքում, ուզում եմ և մաղթում եմ, որ հաղթի մեր թիմը: Ինձ համար միևնույնն է` այդ կոչմանը կարժանանամ ե՞ս, Հա՞յկը, թե՞ Վահեն, կարևորը` թող հաղթի մեր պրոդյուսերը` Անդրեն, որորվհետև նա արժանի է հաղթանակի: Նա շատ-շատ է աշխատում մեզ հետ և ես հուսով եմ` նրա աշխատանքը արժանի ձևով կգնահատվի:

-Ակնհայտ է, որ այս ընթացքում շատ երկրպագուհիներ եք ձեռք բերել. Համոզված ենք` նրանց կհետաքրքրի` արդյոք Ձեր սիրտը զբաղվա՞ծ է:

-Սիրտս ազատ է… չգիտեմ, միգուցե դեռևս շուտ է անձնական կյանքի մասին մտածելու համար, բայց հուսով եմ` կգա մի օր, երբ իմ կյանքում էլ կհայտնվի այդ միակը…Իսկ այս պահին իմ սերը երգն է և, իհարկե, իմ շատ սիրելի հանդիսատեսը:

Հ.Գ. Նարեկը` “Утренняя Звезда” մրցույթում`

“Մանկական Եվրատեսիլ 2006″-ի ռուսաստանյան նախընտրական փուլ`

Նարեկի ելույթներից մեկը հայաստանյան X Factor-ում`

Լուսանկարները` X Factor-ի պաշտոնական կայքից:

Սյունե Առաքելյան

Posted on 18 Հոկտեմբերի, 2014, in Uncategorized and tagged , , , , , , , , , , , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել մեկնաբանություն